Վերջերս պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում էր նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Մեր թղթակիցը հանդիպեց պարոն Սարգսյանին և խնդրեց պատասխանել մի քանի հարցերի:
-Պարոն Սարգսյան, ի՞նչ առաքելությամբ էիք մեկնել ԱՄԷ ՀՀ նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում:
-Ես ներկայացնում էի առևտրաարդյունաբերական պալատը: 2002-ին «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ես ընտրվեցի նորակազմ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ հասարակական կարգով և երկու անգամ վերընտրվեցի: Պալատը հաջողությամբ գործում է մինչ այսօր, ընդլայնում համագործակցության ոլորտները:
Մեր արաբ գործընկերները վերջին անգամ Հայաստանում էին 2014 թվականի հունիսին, և այս անգամ արդեն հանդիպում էինք որպես վաղեմի բարեկամներ: Գոհունակությամբ պետք է առանձնացնեմ ԱՄԷ-ում մեր պալատի ներկայացուցիչ, ծագումով արաբ, տիկին Յասմինա ազ Հառիի օգտաշատ աշխատանքը հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունները սերտացնելու գործում:
Պարսից ծոցի հարուստ ու արագ զարգացող, գեղեցիկ, գրավիչ տեսարժան վայրերով հայտնի, մեր ժողովրդի նկատմամբ իր բարեհաճությամբ և ուշադրությամբ առանձնացող այս բարեկամ երկրի հետ մենք երկար տարիներ տարբեր բնագավառներում լավագույնս համագործակցում ենք: Բավական է ասել, որ ընդամենը 4 տարում՝ 2011 թվականից մինչև 2015-ի վերջերը մեր երկրների միջև տնտեսական գործունեության տեսակարար կշիռը 0,7 տոկոսից աճել և հասել է 20 տոկոսի: Սակայն, ինչպես ԱՄԷ ղեկավարների հետ հանդիպումներում բազմիցս նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դա մեզ չի բավարարում, մանավանդ որ փոքր է Հայաստանից Միացյալ Էմիրություններ արտահանումների թե՛ ապրանքների տեսականին, թե՛ քանակը: Այսպես, եթե 2014-ին Հայաստանն այս երկրից ներմուծել է 68 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, ապա արտահանել է ընդամենը 12,5 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք:
Հանդիպումների ժամանակ նախագահ Սարգսյանը նշեց, որ մեծապես կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Հայաստանը Էմիրությունները դիտարկում է կարևորագույն հանգույց ինչպես Հայաստանից դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ, այնպես էլ հակառակ ուղղությամբ առևտուրը կազմակերպելու համար: Նա տեղեկացրեց շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից առաջարկ է ներկայացրել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին` Էմիրություններում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Հանրապետության նախագահի համոզմամբ՝ նմանօրինակ համաժողովների հաջող անցկացման Արաբական Միացյալ Էմիրությունների փորձն ու բարի համբավը կնպաստեն էմիրաթական կողմին և տարածաշրջանի ներդրող խոշոր կազմակերպություններին ի մի բերել, այն վերածել գործնական հանդիպման և հնարավորություն ստեղծել Հայաստանում ներդրումների զարգացման համար:
Հանդիպումների արդյունքում մի շարք այլ երկկողմ պայմանագրերի շարքում ստորագրվեց նաև փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Արաբական Միացյալ Էմիրությունների առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև` Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման մասին»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնահատելի համարեց նաև Շարժայում Հայաստանի առևտրատնտեսական կենտրոն բացելու գործում շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի ունեցած անմիջական դերակատարությունը և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու հետագա խորացման տեսանկյունից առանձնակի կարևորեց այդ քայլը։ Սերժ Սարգսյանը նշեց, որ կենտրոնն իր առավել ակտիվ գործունեությամբ կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: Չմոռանանք, որ Արաբական Էմիրություններն ունի արագ զարգացող տնտեսություն՝ բարձր ՀՆԱ-ով և նորագույն տեխնոլոգիաների ակտիվ օգտագործմամբ։
Բազմածավալ շինարարությունները, արագ տարածվող արտադրությունը և զարգացող ծառայությունների բաժինը խթանում են երկրի տնտեսության առաջընթացը։
-Իսկ մենք ի՞նչ ապրանքատեսակներ ենք ներմուծում Էմիրություններից:
-Հայաստան ներմուծվում են մարգարիտ, թանկարժեք քարեր, սանտեխնիկա, կարբիդ, սպիրտ, նավթամթերք, սառնարան, սառցարան, հաշվիչ դրամարկղային ապարատներ, սարքավորումներ, կահույք, խաղալիքներ, հեղուկ գազի տարողություններ, հարթ գլանվածք, լվացող միջոցներ, կոշկեղեն, հագուստ, սիգար, ջրեր, մանանեխ, հյութեր ու դրանք պատրաստելու խտանյութեր, հրուշակեղեն, շաքար, չորացրած բանջարեղեն, թեյ և այլն, և այլն։
-Ի՞նչ կասեք մեր երկրից ԱՄԷ արտահանումների մասին:
-Համաձայն մաքսային վիճակագրության տվյալների՝ Հայաստանից Արաբական Էմիրություններ արտահանվում են ադամանդ, սև և գունավոր մետաղների ջարդոն, էլեկտրական սարքեր, շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ, քարեր, մարմնամարզական գործիքներ, կաշվե կոշկեղեն, հանքային ջրեր, ընկուզեղեն, միրգ, երշիկեղեն, ձուկ, պանիր, կաթնաշոռ, սերուցք, մածուն և այլն։
-Ինչպե՞ս է կազմակերպվելու ապրանքների արտահանումը Հայաստանից:
-ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն արդեն իսկ հանրապետության գործարարներին հանգամանորեն տեղեկացրել է, մեթոդական նամակներ առաքել ինչպես արտահանման ենթակա ապրանքատեսակների, այնպես էլ դրանց մոտավոր քանակի մասին: Համապատասխան հանձնարարություն է տրվել ԱՄԷ-ում պալատի ներկայացուցչին: Մենք ակտիվորեն համագործակցում ենք Էմիրություններում Հայաստանի և Հայաստանում Էմիրությունների դեսպանությունների, մեր և բարեկամ երկրի մյուս պատկան մարմինների հետ:
-Ի՞նչ լրացուցիչ առաջարկություններ արվեցին Էմիրությունների գործարար համայնքին:
-Հանրապետության նախագահը ներկայացրեց Հայաստանի հանքային ջրերի բարձրորակ և առողջարար լինելն ու առաջարկեց համատեղ բիզնես ծրագիր իրագործել, համագործակցել գյուղմթերքների վերամշակման, տեքստիլ արդյունաբերության զարգացման ոլորտներում: Առաջարկվեց նաև ակտիվ համագործակցություն զբոսաշրջության, հյուրանոցային ցանցի ընդլայնման բնագավառներում: Երկուստեք համաձայնություն ձեռք բերվեց առաջիկայում կտրուկ մեծացնելու մեր երկրների առևտրական շրջանառությունը և անցնելու 100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը:
-Շնորհակալություն:
Զրուցեց
Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ